Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ի պատասխան ամերիկացիների այն հայտարարության, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պետական ահաբեկչությունը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«ԱՄՆ-ն՝ տարբեր ահաբեկչական խմբեր ստեղծելու, ֆինանսավորելու և զինելու իր պատմությամբ, պետական ահաբեկչության օգտագործմամբ և այլ ահաբեկչական ռեժիմին բացահայտ աջակցությամբ հակաահաբեկչական ջանքերի գնահատման լավ կետ չէ»,- ասել է նա:
ԱՄՆ Պետքարտուղարությունը չորեքշաբթի հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ Վենեսուելան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և Սիրիան ներառված են այն երկրների ցանկի մոջ, որոնք իբր Վաշինգտոնի հետ բավարար չափով չեն համագործակցում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Պետքարտուղարությունը որպես հիմնավորում, մասնավորապես, հիշատակել էր Իրանի կապերը շիական «Հիզբոլլահ» կազմակերպության և «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման հետ: