Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը և պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս:
«Այն նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը:
«Մենք կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաև շարունակել խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:
«Իհարկե, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքներին: Գործող կարգավորող իրավական շրջանակներում և առկա համակարգում կան հնարավորություններ համավարակին արձագանքելու համար»,- եզրափակել է Զասը: