Այսօր ընտանիքիս, իմ գլխավորած քաղաքական թիմի մի խումբ անդամների և Դադիվանքի հոգևոր հովիվ ու իմ լավ բարեկամ Տեր Հովհաննես քահանայի հետ ուխտի ենք գնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Եղիշեի վանք, որտեղ գտնվում է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի գերեզմանը և հոսում դարավոր պատմության հիշողությունն իր մեջ կրող Անահիտ թագուհու աղբյուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր, քանի որ իրենում յուրահատուկ խորհուրդ է բովանդակում: Վաչագան Բարեպաշտի գործունեության հանդեպ միշտ հատուկ ակնածանք եմ տածել, որովհետև նրան համարում եմ մեր երկրի երբևէ ունեցած ամենաիմաստուն առաջնորդներից մեկը, որից պետք է դասեր քաղել:
Նա կարողացավ համախմբել բոլոր առողջ ուժերին և Արշակունյաց թագավորության անկումից ու երկրում գրեթե երկու տասնամյակ տևած անիշխանությունից հետո Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում վերականգնել հայկական թագավորությունը: Կառավարման տարիներին հանդես եկավ կարևոր բարեփոխումներով, և այդ համատեքստում նրա ստեղծած «Սահմանադրություն կանոնական»-ը հայ և համաշխարհային իրավագիտության պատմության գլուխգործոցներից է համարվում:
Ապագայի հանդեպ մեր բոլոր ծրագրերը չեն կարող ոգի ունենալ, եթե ըստ արժանվույն չկարողանանք գնահատել և չարժևորենք մեր անցյալը: Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի հիշատակի առջև մեր նախնիների, ովքեր Արցախի հանդեպ սերը պաշտամունքի էին վերածել: Նրանց թողած պատգամը խոստացել եմ կրել՝ հանուն մեր հերոս ժողովրդի արժանապատիվ կյանքի ու Արցախի հզոր պետականության կերտման, և նույն նվիրականությամբ փոխանցել գալիք սերունդներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը: