«Գազի գինը բարձրացնելուց խոսելու լավագույն ժամանակը չէ». նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով գազի գնի հետ կապված հարցին:
Այս հայտարարությամբ, փաստորեն, իշխանությունները վերահաստատում են չհաշվարկված մոտեցում՝ ռուսական գազի գնագոյացման պարամետրերում էական տեղ հատկացնելով այսրոպեական իրավիճակին: Հիշեցնենք, որ առաջին անգամ այդ մոտեցումը դրսևորվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Միլլերին ուղղված հայտնի նամակով: Անկախ այն հանգամանքից, թե ի վերջո գազի գնի հարցն ինչ լուծում կստանա, Հայաստանը ստեղծեց նախադեպ, որ ինչ-որ պահի, էներգակիրների ու նավթի համաշխարհային շուկայում մեզ համար անբարենպաստ իրավիճակի ստեղծման պարագայում, ռուսական կողմը կունենա բոլոր հիմքերը Հայաստանին վաճառվող գազի գինը բարձրացնելու:
Սրա մասին խոսվել է շատ: Զարմանալի է, բայց անգամ նույն փոխվարչապետն իր նամակից օրեր անց հարցազրույց ունեցավ՝ կարծես թե սրբագրելով նամակի բովանդակության ողջ ռիսկայնությունը և բառացի ընդունելով, որ այս ճանապարհով Հայաստանի ընթացքը կարող է հանգեցնել վերանշյալ ռիսկին:
Սա սակայն, որևէ կերպ չկաշկանդեց մեր երկրի ղեկավարին, կրկին հղվելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու նավթի շուկայի անկայունությանը, ակնկալել դաշնակից երկրից չխոսել գազի գնի բարձրացման մասին: Եվ իհարկե ոչ մի խոսք այն մասին, որ նույն դաշնակից երկիրը գտնվում է նույն տնտեսական հետևանքների հարվածի ներքո, ոչ մի հաշվարկ այն փաստի, որ խնդրի բարձրացման այսօրինակ տարբերակից օգտվում է երրորդ երկիրը, ոչ մի նրբանկատություն խնդիրը բարձրացնել գոնե ԵԱՏՄ համատեքստում…
Ընդ որում, սա այն դեպքում, երբ առաջիկայում ԵԱՏՄ գագաթաժողովն է (մայիսի 19) և եթե դրա ընթացքում չլինի որևէ անդրադարձ գազի գնին ՀՀ-ՌԴ երկկողմ ձևաչափով, ապա կարող ենք արձանագրել, որ այդ հայտարարությունից ունեցանք փայլուն հարաբերություններին խիստ հակասող միակողմանի չհաշվարկված անարդյունք հայտարարությունը: