ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի ոչ հաջող արձագանքին:
«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ քայլեր Չինաստանից անկախ լինելու ուղղությամբ:
«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը: