Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար քայլակով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ, ասպետի կոչում կստանա: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ ասպետի կոչում տալու առաջարկը կատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, վերջերս նա ստիպված է եղել անցնել քաղցկեղի բուժում, ինչպես նաև վերականգնել է շարժունակությունը ազդրի կոտրվածքից հետո: Բրիտանացի բժիշկներին շնորհակալություն հայտնելու համար նա որոշեց իր այգում անցկացնել բարեգործական մարաթոն՝ քայլակի միջոցով կատարելով 100 շրջան: Նա նպատակ ուներ հավաքելու հազար ֆունտ, սակայն նվիրատվության չափը շատ ավելին եղավ:
Ապրիլի 30-ին Մուրը նշում էր իր 100-ամյակը և արդեն դարձել էր ազգային հերոս: Իր ծննդյան օրը նրան շնորհվել է գնդապետի պատվավոր կոչում, իսկ բրիտանական օդուժը շնորհավորեց նրան իր տան վրա թռիչքներ կազմակերպելով: Մուրին շնորհավորել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ վարչապետը թագուհուն է դիմել Մուրին ասպետի կոչում շնորհելու խնդրանքով: Թագուհին առաջարկը հավանության է արժանացրել: