Արևելյան գործընկերության քաղաքականության հիմքում Եվրամիությունը դնում է ճկունությունը:
Եվրամիությունը հերթական անգամ վերանայում և թարմացնում է իր մոտեցումներն Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ ներգրավված երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ: Մայիսի 11-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունվել են «2020-ից հետո ԱլԳ քաղաքականության վերաբերյալ եզրակացությունները», ինչին նախորդել էր մարտի 18-ին ընդունված Եվրահանձնաժողովի «Ամրապնդելով ճկունությունը. Արևելյան գործընկերություն, որն ուղղված է բոլորին» զեկույցը ՝ հասցեագրված Եվրախորհրդարանին, Եվրոպական խորհրդին, Խորհրդին, Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովին և Ռեգիոնների հանձնաժողովին:
2015թ-ից Եվրամիությունը սկբունքային փոփոխություն մտցրեց իր քաղաքականության մեջ՝ որոշում կայացնելով ոչ թե ԱլԳ բոլոր երկրների հետ առաջ ընթանալ միևնույն ճանապարհով և գործիքակազմով, այլ մեծացնել ճկունությունը՝ հարաբերությունների հիմքում դնելով գործընկեր երկրներից յուրաքանչյուրի նպատակներն ու հավակնությունները: Կարևորվեց հստակ նպատակների սահամնումը, ինչի համատեքստում ընդունվեց «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթուղթը:
Այժմ Եվրամիությունը դրական է համարում այդ քաղաքականության արդյունքները: «ԵՄ Խորհուրդը հաստատում է, որ գործող քաղաքական շրջանակը, ներառյալ «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաթեթը ամուր է, արդյունավետ և շոշափելի արդյունքներ և օգուտ է տալիս մարդկանց»,- ասված է ԵՄ խորհրդի փաստաթղթում: Նշվում է, որ այս 20 նպատակները, որոնք բաժանված են չորս հիմնական ոլորտների, շոշափելի արդյունքների են հանգեցրել դրանցից 3-ում՝ ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կապակցելիություն և ավելի ուժեղ հասարակություն: Առավել խոցելին ավելի ուժեղ կառավարման ոլորտն է:
Ընդհանուր առմամբ նշվում է, որ պետք է ավելի հստակեցվեն կոնկրետ բարեփոխումների գերակայությունները: «Բարեփոխումների առաջընթացը պետք է հանգեցնի ֆինանսավորման և ներդրումների աճի, իսկ լուրջ և երկարատև ստագնացիան կամ նույնիսկ հետընթացը պետք է տանի ԵՄ ֆինանսավորման կրճատման՝ բացառությամբ քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցության»,- ասված է եզրակացություններում: Այլ կերպ ասած, Եվրամիությունը խորացնում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը՝ դիտարկելով այդ թվում՝ ֆինանսավորման կրճատման հեռանկար և պահանջելով հստակեցնել բարեփոխումները:
2020թ-ից հետո Արևելյան գործընկերության քաղաքականության հիմքում դրվում են հետևյալ երկարաժամկետ խնդիրները.
Այս խնդիրներից յուրաքանչյուրի ներքո հստակեցվում են նաև թիրախներն ու համատեղ աշխատանքի ուղենիշերը: Խորհուրդը կոչ է անում ԱլԳ գործընկերների ցուցաբերել ավելի ռազմավարական, հավակնոտ, արդյունավետ և ճկուն մոտեցում, ավելի մեծ ուշադրություն դարձնել շոշափելի և տեսանելի ծրագրերին, որոնք ազդեցություն կունենան մարդկանց կյանքերի վրա:
Ինչ վերաբերում է անմիջականորեն Հայաստանին, ապա ԵՄ խորհուրդը քաջալերում է իրագործել 2018թ հունիսի 1-ից մասամբ ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նշվում է, որ ԵՄ-ն սպասում է դրա լիարժեք ուժի մեջ մտնելուն:
Վիզաների ազատականացման կետի ներքո Եվրամիությունն առաջնորդվել է երկրներին երկու խմբի բաժանելու մոտեցմամբ՝ երկրներ, որոնք արդեն իսկ ստացել են վիզաների ազատականացում և երկրներ, որոնք դեռ չեն ստացել: Այդկերպ Հայաստանը նույն խմբի մեջ է դիտարկվել Ադրբեջանի և Բելառուսի հետ, ինչը որևէ կերպ չի արտացոլում գործընթացի իրական արդյունքներն ու ընդհանրապես Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների որակը: ԵՄ խորհրդի փաստաթղթում նշվում է. «Մյուս երկրների հետ, որոնց քաղաքացիներից վիզա է պահանջվում ԵՄ այցելելու համար, վիզաների ազատականացման նոր երկխոսություններ կսկսվեն, եթե թույլ տան հանգամանքները՝ տեղում ապահովվեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմանները, այդ թվում վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բավարար իրագործմամբ»: Նշվում է նաև, որ մտահոգություն են հարուցում ԵՄ անդամ երկրներում ապաստան խնդրողների մեծ թվերը:
Առանձին ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին և թերացումներին անդրադարձ չի կատարվում: Փաստաթղթերն առավել ընդհանրական բնույթ ունեն:
Անդրադարձ է կատարվում նաև չկարգավորված հակամարտություններին: «ԵՄ Խորհուրդը կոչ է անում նոր ջանքեր գործադրել և լիարժեք աջակցություն է հայտնում հակամարտությունների կանխարգելմանը, վստահության կառուցմանը և համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների ներքո հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցմանը, ընդգծում է ԵՄ դերն այս ամենում»,- ասված է ԵՄ խորհրդի փաստաթղթում: Առանձնացված անդրադարձ հակամարտություններին խորհուրդը չի կատարում:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում 2015-ին որդեգրված առավել դիֆերենցված համագործակցությանն ԱլԳ երկրների հետ: Ձեռագրի հիմքում դրված է հստակ նպատակների սահմանումն ու դրանց իրագործումը, ինչին ծառայում էր նաև «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթուղթը: Այժմ այդ մոտեցումը պահպանվում է, էլ ավելի է շեշտվում շոշափելի և հստակ բարեփոխումների և ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի պարագայում մտահոգիչը վիզաների հարցում հավասարեցումն է Բելառուսի և Ադրբեջանի հետ և ընդհանրապես դրական դինամիկայի մասին չխոսելը: