Կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդին Հայաստանի լիակատար անցման ժամկետը կհետաձգվի: Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ նախապես ծրագրված էր, որ կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը, որոշ բացառություններով, 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվելու էր Երևանում, Գյումրիում և Վանաձորում: «Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1: Այնուհետև 2021 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը տարածվելու է Հայաստանի նաև մյուս քաղաքներում, հետո կեսամյա ընդմիջմամբ՝ նաև խոշոր ու փոքր գյուղական համայնքներում: Անկանխիկ վճարման համակարգում բացառություն է արվելու 75 և մեծ տարիքի կենսաթոշակառուների, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար»,-պարզաբանեց Սաղիյանը:
Փոխնախարարի կարծիքով՝ համակարգի փուլային ներդնումը թույլ կտա լուծել բանկային ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված հարցերը: Ընդ որում՝ նա չբացառեց այն բանի հավանականությունը, որ անհրաժեշտության դեպքում քաղաքներին և գյուղերին կտրվեն լրացուցիչ ժամկետներ կենսաթոշակների վճարումների անկանխիկ մեթոդին անցնելու համար:
Պաշտոնյան նաև հայտնեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ կենսաթոշակառուների 50 տոկոսից ավելին կենսաթոշակը ստանում է անկանխիկ ճանապարհով: