Ռուսական գազի խոշորագույն գնորդ Գերմանիան 2020 թվականի մարտ ամսին կրճատել է «Գազպրոմ» ընկերության արտադրանքի ներկրումը 45%-ով` մինչև 2,67 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին տեղեկացնում է finmarket.ru կայքը` հղում տալով ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներին:
Նման խոշոր անկումը կարելի է բացատրել ոչ միայն տաք ձմեռով և կորոնավիրուսի ազդեցությամբ, այլ նաև ՌԵՊՈ պայմանագրով, որը Գազպրոմբանկի հետ կնքվել է 2019 թվականի վերջին և «Գազպրոմի» փաստաթղթերով այդ գազի մատակարարումը հաշվարկվել է 2019 թվականի ցուցանիշներում:
Թուրքիա գազի արտահանումը նույնպես կտրուկ անկում է ապրել՝ 1,418 միլիարդ խորանարդ մետրից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի:
Մեկ քառորդով նվազել են գազի մատակարարման ծավալները դեպի Ավստրիա (կրկին ՌԵՊՈ-ի ազդեցությունն է), 8%-ով նվազել է մատակարարումը Բելառուսին:
Իտալիայի և Հունգարիայի դեպքում ռուսական գազի մատակարարումն աճել է 19%-ով: