Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 16-ի ասուլիսի ժամանակ ի թիվս մի շարք հարցերի, խոսք գնաց նաև ներդրումային նախագծերի մասին: Խոսելով ավելի վաղ հայտարարված հետճգաժամային տնտեսական միջոցառումների փաթեթի մասին (ավելի վաղ խոսվել էր 80 մլրդ դրամի ներդրումների մասին)՝ վարչապետը նշեց, որ Կառավարությունը պատրաստվում է աննախադեպ ներդրումային մեխանիզմներ ներնել, առաջին փուլով շուրջ 50 մլրդ դրամ ներդրումներով:
Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, վարչապետը չբարձրաձայնեց: Այստեղ իրականում հարցերի շարք է առաջանում, ո՞ր ոլորտներ են ուղղվելու այդ ներդրումներն, ըստ այդմ՝ ո՞ր ոլորտի ներկայացուցիչները պետք է շահագրգիռ լինեն պահպանելու տնտեսական ակտիվության մեկնարկային վիճակը, ի՞նչ մեթոդներով են ընտրվելու շահառուները, որո՞նք են այն նոմինալ պահանջները, որոնցով այս կամ այն սուբյեկտն իրեն կարող է համարել շահառու և այլն: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններ տնտեսական հանրույթը լավ կլինի ստանա օր առաջ, որպեսզի հետագայում՝ արդեն իրականացման փուլում, ծրագրերն ունենան մաքսիմալ արդյունավետություն, այդ թվում՝ ի հաշիվ հասցեականության և մասսայականության: Ինչևէ, Կառավարությունն այս պահին նախընտրում է լռել ներդրումային «նախկինում գոյություն չունեցող մեխանիզմների» մասին, ինչը տեղիք է տալիս ենթադրության, որ դրանք դեռևս լիարժեք պատրաստ չեն:
Այն, որ այդ մեխանիզմների մասին առ այսօր բաց դաշտում դեռևս կա միայն այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, թույլ է տալիս հանգել եզրակացության, որ դրանց շուրջ չկան մասնագիտական, ոլորտային ներկայացուցիչների հետ քննարկումներ: Եվ քանի որ դեռևս չկա նախագիծն, ուստի խիստ կողմնակալ կարող է հնչել ցանկացած գնահատական այդ ուղղությամբ: Մինչդեռ կան որոակի փաստեր, որոնք ձևավորել են արդեն ոչ այնքան լավ նախատրամադրվածություն իրականացվող նախագծերի նկատմամբ:
Եթե ժամանակային առումով շատ ետ չգնանք, ապա հետկորոնավիրուսային աջակցության ծրագրերն իրենց արդյունավետությամբ, մեղմ ասած, չեն փայլում: Իսկ ահա այդ նախագշերի պոստֆակտում առաջացրած խնդիրները, օրինակ հասցեականության հետ կապվածները, օժանդակություն ստացողներից ետ գանձելու պահանջը և այլն, պարզապես վկայում են այդ նախագծերի մշակման ու իրականացման կառավարման ապաշնորհության մասին: Այդ ծրարգրեի պարագայում ևս, լայն քննարկումներ, բաց ուսումնասիրություններ չկային, ինչն, արդարության համար պետք է նշել, որ կարելի է բացատրել ժամանակի սղությամբ: Բայց միևնույն է, կառավարման տեսանկյունից ունենք վատ նախադեպ:
Մինչդեռ նույնը չէ իրավիճակը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի համար նախանշված ծրագրերի դեպքում, երբ կարելի է լինել իսկապես թափանցիկ, ունենալ լայնաշավալ քննարկումներ, խուսափելու համար սպասվող 50 մլրդ դրամի անարդյունավետ ծախսից: Պարզապես փոքրիկ ակնարկ այս կապակցությամբ. եթե սոցիալական աջակցության անարդյունավետ ծախսի համար կարելի է մեղադրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր անհայտ պարամամետրերով չեն համարվում այս ծրագրերի շահառու և դրանով հարցը փակել «մենք արել ենք, ստացողներն են սխալ ստացել» տրամաբանությամբ, բայց տնտեսական օժանդակության սխալ իրականացման ներքո խնդիրը չի դիտվելու միայն պետական միջոցների անարդյունավետ կառավարման համատեքստում…