Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 70-ի։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ տեղեկանք էր ուզել, որտեղից զարմանալի փաստեր է իմացել։
Ըստ նրա, հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ ախտորոշումը լինի դրական։
«Դա ունի կոնկրետ բացատրություն, թե իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել։ Ի վերջո մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան՝ մենք կարող ենք պատկերացնել, կամ պատկերացնում ենք: Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փուլի մարտավարությունը հետևյալն է՝ պետք է կարողանան ապահովել կարանտինային պայմաններ առանց կարանտին հայտարարելու. «Այսինքն, պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի։ Պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է հաստատել։ Մենք պետք է այդ հարցում ավելի ուշադիր լինենք: Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում է արվել նաև սոցիալական ցանցերում, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ապա ինչու կառավարությունում այդպես չի արվում: Կարծում եմ՝ արդարացի և շատ ճիշտ դիտարկում է:»։
Նրա խոսքով, պետական կառավարման մարմիններում էլ առանց դիմակի մարդիկ կարող են լինել այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են։ Մնացած բոլոր դեպքերում, ըստ նրա, պետք է պարտադիր դիմակ կրեն, այդ թվում՝ միջանցքներում, իսկ ճաշարաններում պետք է ապահովել պատշաճ հեռավորություն։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ պարետատունը պետք է անցնի ավելի ինտենսիվ աշխատանքի ռեժիմի, ոստիկանությունն անցնի ավելի խիստ վերահսկողության։
«Երեկ երեկոյան տուն գնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ ոչ վարորդը, ոչ էլ ուղևորը չեն պահում անհրաժեշտ հակահամաճարակային կանոնները»,- ասաց նա։