ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն, իր երդմնակալության արարողության ընթացքում դիմելով ներկաներին և ժողովրդին, ասաց.
«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ մեծարգո վարչապետ, ԱՀ մեծարգո նախագահ, սրբազան հայր և հարգելի ներկաներ, խորհրդանշական է, որ ԱՀ նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ՝ հաղթական մայիս ամսին: Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը ես և բոլոր մարտիկները մի երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր:
Մեզ հաջողվել է հասնել միացյալ և ազատ հայրենիք ունենալու երազանքին: Այժմ նոր երազանքներ ունենալու և հասնելու ժամանակն է:
Երդվում եմ, որ Արցախի հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:
Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ...»:
Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ Արցախի ԱԺ հաջորդ նիստը ևս տեղի կունենա Շուշիում: Նպատակ ունեն հետայսու ԱԺ նիստերն անցկացնել Շուշիում և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, հաղորդում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի է ունենում Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: