ԱՄՆ իշխանությունները խիստ սահմանափակումներ չեն մտցնի, եթե աշնանը տեղի ունենա նոր կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանում լրագրողների հարցերին պատասխանելիս:
«Ասում են՝ հիվանդության երկրորդ ալիքի բռնկումը կարող է տեղի ունենալ շատ մեծ հավանականությամբ: Սա ստանդարտ է: Մենք պատրաստվում ենք մարել կրակը: Մենք չենք պատրաստվում փակել երկիրը», - նշել է Թրամփը՝ պատասխանելով հիվանդության երկրորդ ալիքի պատճառով մտահոգությանն առնչվող հարցին:
Նա վստահություն է հայտնել վարակի ապագա բռնկումները զսպելու երկրի ունակության վերաբերյալ: