Թուրքիայի համշենցի որոշ մտավորականներ, չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակում են աշխատանքներ կատարել՝ հայոց լեզվի Համշենի բարբառը կամ, ինչպես իրենք են անվանում իրենց մայրենի լեզուն, համշեներենը պահպանելու և այն նոր սերնդին փոխանցելու ուղղությամբ։ Մասնավորապես, Մահիր Օզքանը համաճարակի պատճառով հիմնականում տանը գտնվող երեխաների, ինչպես նաև իր դստեր՝ Լուսինի համարպատրաստել է ամերիկացի մանկագիր Էրիկ Կարլի «Շատ քաղցած թրթուրը» հեքիաթի համշեներեն տարբերակի ձայնագրությունը, որը հրապարակվել է Youtube-ում։ Մահիր Օզքանը ինքն է այս հեքիաթը թարգմանել, որպեսզի մայրենի լեզվով ընթերցի իր դստեր և մյուս համշենցի մանուկների համար։
Այս մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական Bianet.org լրատավական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ Մահիր Օզքանը միևնույն ժամանակ Համշենի բարբառով դասընթացի տեսագրություններ է հրապարակում «Հատիկ» համշենական մշակույթի ուսումնասիրման և պահպանման միության էջում։ Bianet.org-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պատրաստվում է տեսագրության միջոցով ներկայացնել նաև Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» և «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործությունները։
Մահիր Օզքանը նման 4 հեքիաթ է հրապարակել համշենցիների «Գոր» հանդեսում։ Բացի այդ՝ տպագրել է 2 ստեղծագործություն, որոնցից մեկի հեղինակը ինքն է, իսկ մյուսը՝ իր կողմից Համշենի բարբառով թարգմանված Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակն է։