Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի: Այն Արցախում հայտնի է Տնջրի անունով: Ծառը մոտ 2039 տարեկան է։
Հատկանշականն է, որ ծառը համարվում է ոչ միայն ամենատարեցն Արցախում, այլ նաև Խորհրդային Միության տարիներին հռչակվել է ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառ։
Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավել է, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։
Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում է չինարին: Ըստ մասնագետների՝ ծառն օրական 4,5 տոննա ջուր է խմում: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:
Ըստ սերնդեսերունդ փոխանցվող ավանդապատումների, այդ դարավոր ծառի շուքի տակ էին հանգստանում անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են՝ Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Մովսես Կալանկատուացին (VIIդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին, Լեոն և շատ ուրիշներ:
Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ են վառում հենց ծառի փչակում, ինչն էլ վտանգում է ծառի գոյությունը: Նման այցելուներին է հասցեագրված ժողովրդի մեջ տարածված այն նախապաշարմունքը, ըստ որի, եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր…
Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Այս հրաշքը մեկ անգամ տեսնողը երբեք այն չի մոռանում: Ահա, թե ինչու է ամեն տարի ավելանում Տնջրի ծառը տեսնել ցանկացողների թիվը:
Այս փառահեղ ծառը չնայած 2039 տարեկան հասակին, դեռևս խրոխտ կանգնած է իր խորը ձգված ամուր արմատների վրա: Ըստ մասնագետների՝ այն կարող է գոյատևել մի ողջ հավերժություն: Ծառը, կարծես, դարձել է արցախցիների խորհրդանիշը՝ երկարակյաց, տոկուն ու պայքարող...