Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր այսօր կատարվելիք կադրային առաջին նշանակումների եւ կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին, փոխանցում է News.am-ը։
«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:
Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին եւ պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են. «Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են: Քաղաքական գործընթացի արդյունքում ձեւավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Այդ թվում այդ ոչ վայել հայտարարություններ անողների առումով»,-ընդգծեց Արցախի նախագահը: