Ռուսաստանը սկսել է առաջին փորձնական ռազմավարական սթելս-ռմբակոծչի նմուշի կառուցումը՝ «Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր» ծրագրի (ՀԱ ՀԱՀ) շրջանակներում: Այս մասին News.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռազմարդյունաբերական համալիրում երկու աղբյուրների:
«Առաջին մեքենայի մասերի պատրաստմամբ կզբաղվի Միացյալ ավիաշինարարական ընկերության կազմում գործող ավիագործարաններից մեկը։ Աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթավորումը ավարտված է, սկսվել է նյութերի մատակարարումը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես նշել է ՏԱՍՍ-ի մյուս աղբյուրը, ներկայում արդեն պատրաստվում է ինքնաթիռի սրահը: «Ամբողջ մեքենայի վերջնական հավաքումը պետք է ավարտվի 2021թ․»,- ասել է նա:
«Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը» նախագծված է «թռչող թևի» սխեմայի համաձայն: Մեքենայի կառուցվածքում լայնորեն կօգտագործվեն նկատելիությունը նվազեցնող տեխնոլոգիաներ և նյութեր («սթելս» տեխնոլոգիա): Ինքնաթիռը կկարողանա կրել այժմ գոյություն ունեցող և հեռանկարային ռազմավարական թևավոր հրթիռներ, բարձր ճշգրտությամբ ռումբեր, գերձայնային զենք, այն հագեցած կլինի կապի և ռադիոէլեկտրոնային նորագույն սարքավորումներով: Մեքենան կստանա թռիչքի մինչձայնային արագություն: