Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին, ի թիվս մի շարք հայտարարությունների ընդունվել է «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին» համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներս, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գլոբալ զինադադարի անհապաղ հաստատման մասին կոչին՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ի հայտ եկած սպառնալիքով: Հանրային առողջապահության ոլորտում առկա և միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ երկրների մեծամասնության բնակչությունը ենթակա է վարակման, վարակը թիրախավորում է բոլորին՝ անկախ ռասայական, էթնիկ կամ սոցիալական պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից, քաղաքական համոզմունքներից:
Ամենաբարձր գինը վճարում են բնակչության առավել խոցելի շերտերը: Շարունակվող հակամարտություններից և բնական աղետներից տուժող հսկայական թվով մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զրկված են կացարանից և գոյության միջոցներից, չունեն հիգիենայի տարրական միջոցներից և ժամանակակից բժշկությունից օգտվելու հնարավորություն: Համավարակին ընդառաջ վճռականորեն հայտարարում ենք, որ միջազգային հանրությանն առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ առարկայական երկխոսության և միասնական գործողությունների վրա՝ ապահովելու պրակտիկ միջոցներ նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարում: Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում շարունակական զինված հակամարտությունների և միջադեպերի վերաբերյալ, որոնց արդյունքում անմիջական վտանգի և լուրջ սպառնալիքի է ենթարկվում քաղաքացիական բնակչությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
Անընդունելի ենք համարում միակողմանի հարկադրանքի և պատժամիջոցների կիրառումը։ Չափազանց կարևոր ենք համարում բոլոր կարիքավորներին կենսական անհրաժեշտություն ներկայացնող օգնության տրամադրման համար միջանցքների ապահովումը: Մարդկային կյանքերի փրկության ճանապարհին չպետք է լինեն որևէ խոչընդոտներ և արգելքներ:
Միևնույն ժամանակ համոզված ենք, որ համավարակի և դրա դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ներկա իրադրությունում արված անհապաղ և համաշխահային զինադադարի կոչերը չեն կարող տարածվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից միջազգային ահաբեկչական կազմակերպություններ ճանաչված խմբավորումների չդադարող գործունեությանը հակազդելու վրա: Ընդ որում վերոնշյալ կազմակերպությունների` իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում օրինական կառավարությունների գործառույթները իրականացնելու փորձերը չպետք է հանգեցնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ կազմակերպությունները որպես ահաբեկչական դասակարգելուց հետքայլ անելուն և քաղաքական գործընթացներում լեգիտիմ մասնակիցների կարգավիճակ ստանալուն:
Անհրաժեշտ է չնվազեցնել միջազգային հանրության ուշադրությունը միջազգային ահաբեկչության գլոբալ սպառնալիքի նկատմամբ և շարունակել ընդլայնել այդ չարիքի դեմ պայքարում համապատասխան ջանքերը ազգային և բազմակողմ մակարդակներում: Վստահություն ենք հայտնում տարաձայնությունների շուտափույթ հաղթահարման, վստահության վերականգնման, համագործակցության կարգավորման և միջազգային հանրության ընդհանուր սպառնալիքի՝ COVID-19-ի դեմ միասնական հակազդման առնչությամբ՝ հանուն միջազգային անվտանգության արդյունավետ ապահովման:
Կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին, կազմակերպություններին և հակամարտող կողմերին ականջալուր լինել ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին և անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել, նպաստել աշխարհում ռազմական գործողությունների մորատորիումի անհապաղ հաստատմանը, հանդես գալ միջազգային հանրության միասնության դիրքերից, վերացնել առևտուրը խոչընդոտող սահմանափակումները, նոր տիպի կորոնավիրուսին արդյունավետորեն հակազդելու նպատակով աջակցություն ցուցաբերել անցումային և զարգացող տնտեսություններ ունեցող երկրներին և պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու միասնական աշխատանքը COVID-19 համավարակի դեմ պայքարի և դրա բացասական հետևանքների հաղթահարման ուղղությամբ»,- նշվում է հայտարարությունում: