Ընդհանրապես վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի և առողջապահության նախարարի միջև, հաղորդում է Panorama.am-ը:
«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում և այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին:
Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավեճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»:
Անդրադառնալով հայտարարությունների հակասություններին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ՝ առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է: Իսկ կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետև իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաև տնտեսական գործոններն են շատ կարևոր և մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած», - ասաց Փաշինյանն ու հավելեց. «Ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց ու արդյունքներ ունենանք»: