Մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած՝ Հանրապետության տոնի միջոցառմանը նախագահ Արմեն Սարգսյանը հնարավորինս պահպանել է կանխարգելիչ կանոնները: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հանրապետության նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Հանրապետության նախագահը շատ խիստ է վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ինչպես իր և իր ընտանիքի, այնպես էլ նախագահի ողջ աշխատակազմի դեպքում: Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության»,- ասաց նախագահի օգնականը։ Նշենք, որ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։