ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր առաքելու համար։
Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին մայիսի 30-ին Crew Dragon տիեզերանավի հաջող արձակման կապակցությամբ։ Երկուստեք հաստատվել է տիեզերական ոլորտում փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը։
Կողմերը դիտարկել են ՕՊԵԿ+-ի համաձայնագրի իրականացման համատեքստում համաշխարհային նավթային շուկայում իրավիճակը։ Արձանագրվել է, որ այդ բազմակողմանի պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՌԴ և ԱՄՆ նախագահների ակտիվ աջակցությամբ, տանում է դեպի նավթի պահանջարկի աստիճանական վերականգնման և գների կայունացման։
Թրամփը տեղեկացրել է G7-ի գագաթաժողովը Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Կորեայի Հանրապետության առաջնորդների հնարավոր մասնակցությամբ անցկացնելու իր գաղափարի մասին։
Նշվել է ռազմավարական կայունության և ռազմական ոլորտում վստահության միջոցառումների ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացման կարևորությունը։
Տարբեր մակարդակներում համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Զրույցը կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ է կրել»,- նշվում է հայտարարությունում: