2020թ. հունվարի 25-ին Ստամբուլում 90 տարեկան հասակում մահկանացուն կնքած Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի։
Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ հիշեցնելով, որ Զաքարյանի մահից հետո ինքն այս թեմայով գրավոր հարցադիմում էր հղել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլուին, փոխանցում է Ermenihaber-ը:
Փայլանը հետաքրքրվել էր թուրք նախարարից, թե արդյոք պատրաստվում է մի այնպիսի նախագիծ, որը կհանրահռչակի Զաքարյանի ներդրումը թուրքական սպորտում ու կապրեցնի նրա անունը։ Փայլանը հուշել էր նաև, որ Զաքարյանի անունով կարելի է կոչել որևէ մարզահամալիր։
Քասափօղլուն պատասխանել է Փայլանի հարցադիմումին՝ տեղեկացնելով, որ արդեն հստակեցվել է Զաքարյանի անունով մրցաշարի անվանակոչության հարցը, ինչպես նաև քննարկման փուլում է գտնվում որևէ սպորտային համալիր նրա նանունով կոչելու հարցը։
Հայ պատգամավորն ուրախալի է համարել Զաքարյանի անունով Թուրքիայում մրցաշար անվանակոչելը՝ հիշեցնելով սակայն, որ հայ անվանի մարզիկը կարիերայի ընթացքում երբեմն խտրականությունների է ենթարկվել (ազգային պատկանելության պատճառով-խմբ․)։
Փայլանը միաժամանակ նշել է, որ սպասում են, որ թեկուզ ուշացումով, բայց արժանին մատուցվի անվանի բռնցքամարտիկին, ում հաջողությունները կենդանության օրոք բավարար չափով չեն հանրահռչակվել։