Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 17-ը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց։
Արդեն ընդունված նախագիծը հնարավորություն է տալիս ԱԺ-ին մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հանրաքվեն չեղարկելու մասին որոշում կայացնել։ Մասնագետների պնդմամբ՝ սա ոչ միայն խնդրահարույց, այլև ուղղակի հակասահմանադրական փոփոխություն է, քանի որ հակասում է սահմանադրության 88-րդ հոդվածին: Հիշեցնենք, որ 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները, համաձայն որոնց՝ ԱԺ լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ: Սա նշանակում է, որ խորհրդարանն ինքը չի կարող սահմանել իր լիազորությունների շրջանակը, այն, ինչ փաստորեն տեղի ունեցավ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ, քանի որ սահմանադրությունը չունի նորմ, որով խորհրդարանն իրավասու լինի չեղարկել նշանակված հանրաքվեն:
Նման հակասահմանադրական գործընթացը դեռևս հնարավոր է կասեցնել: Մասնավորապես, նման իրավասություն ունի Հանրապետության նախագահը՝ ով կարող է ԱԺ-ի կողմից օրենքն ընդունելուց հետո 21-օրյա ժամկետում դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, ինչպես նաև նույն հարցով ՍԴ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: