Տնտեսության վիճակն ամենածանրն է Գերմանիայի ամբողջ պատմության մեջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ARD հեռուստաալիքը:
«Մենք գտնվում ենք Գերմանիայի պատմության մեջ ամենածանր տնտեսական իրավիճակում: Դա պետք է հասկանալ»,- ասել է կանցլերը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Գերմանիայում մոտ 7 միլիոն մարդ անցել է ոչ լիարժեք աշխատանքային օրվա: Կանցլերը նաև հայտարարել է ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտության մասին: «Մենք չգիտենք, թե որքան ժամանակ մեզ կուղեկցի այս համավարակը, մենք չգիտենք, թե երբ պատվաստանյութ կստեղծվի: Իհարկե, մենք չենք կարող տեսնել ապագան, բայց կարծում եմ, որ մենք ճիշտ ենք գործել»,- հավելել է Մերկելը:
Կանցլերը հիշեցրել է, որ ավելի վաղ իշխանությունները համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով ազգային տնտեսությունը խթանելու համար ընդհանուր 130 միլիարդ եվրոյի չափով միջոցների փաթեթ էին ընդունել: Օժանդակության այս միջոցներն ամենամեծն էին Գերմանիայի վերամիավորումից ի վեր, փոխանցում է ՌԲԿ- ն: