Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը չի բացառել Թուրքիայի հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հունաստանը ցանկացած սցենարի պատրաստ է՝ պաշտպանելու համար իր իրավունքներն ու սահմանները:
«Մենք դա չենք ցանկանում, բայց ցանկանում ենք հասկացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք մեր ինքնիշխան իրավունքներն առավելագույնս պաշտպանելու համար»,- Star TV-ի եթերում ասել է Պանայոտոպուլոսը:
Հունաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը կատարվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում մամուլի ասուլիս է անցկացրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայես ալ Սարաջի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ կշարունակեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի ծովային տարածքում նավթի հետախուզումն ու հորատումը:
Հունաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Թուրքիան «ագրեսիվ» է, բայց Հունաստանը կարող է այդ ագրեսիան սանձել զինված ուժի գործադրմամբ: