Եվրամիությունը հուլիսի սկզբին կսկսի աստիճանաբար չեղարկել երրորդ երկրներ ոչ պարտադիր այցելությունների սահմանափակումները: Այս մասին ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Յոհանսոնի խոսքով՝ նախարարների մեծ մասը կողմ է արտահայտվել հունիսի 15-ին լրացող արտաքին աշխարհի հետ սահմանային սահմանափակումների երկարաձգմանը ևս 2 շաբաթով:
«Շատ երկրներ աջակցեցին արտաքին սահմաններին սահմանափակումների 2 շաբաթով երկարաձգմանը: Նրանք նաև աջակցեցին համակարգված մոտեցմանը, հստակ չափորոշիչների մշակմանը, բայց նաև տարաձայնություններ առաջացան, թե որ չափորոշիչներն է պետք օգտագործել: Ես կշարունակեմ երկխոսությունները նախարարների հետ` վերջնական որոշման հասնելու համար»,-ասել է Յոհանսոնը: