2019 թվականին ԱԱԾ գործառույթների իրականացման համար Ազգային անվտանգության ծրագրով պահպանման ծախսերի գծով նախատեսվել է 22 միլիարդ 933 միլիոն 201 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, փաստացի ծախսը կազմել է 22 մլրդ, 566 մլն 212 հազար դրամ, այսինքն՝ 98․4 տոկոս։
«Հատկացված գումարը բաշխվել է ընթացիկ ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջև։ Նշեմ նաև, որ ԱԱԾ-ն հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք ոչ միայն չեն զիջում այլ երկրների ունեցածներին, այլ նաև առանձին տեսակներով գերազանցում են մյուսներին։ Մենք փորձում ենք անընդհատ նորը գնել ու, կարծում եմ՝ հասցնում ենք։ Մենք հիմա էլ հատուկ նշանակության սարքավորումներ ենք ձեռք բերում Ռուսաստանից ու եվրոպական երկրներից, ԱՄՆ–ից»,– ասաց ԱԱԾ տնօրենը։