Իր եզակի հարցազրույցներից մեկում Քըրք Քըրքորյանը նշել է, որ երբ ինը տարեկանում թերթ էր վաճառում, չէր պատկերացում, որ այդ թերթերը մի օր իր մասին էլ են գրելու: «Ես դպրոց չէի գնում, սակայն սկսեցի բիզնեսով զբաղվել վաղ հասակում: Ես բիզնեսի տարբեր տեսակներ եմ փորձել, և իմ բախտը պետք է բերեր»,- նշել է Քըրքորյանը: Եվ, իսկապես, նրա բախտը բերեց: «Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել իմ ընտրության արդյունքում: Ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում»,- կարծում էր Քըրքորյանը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թ. Ֆրեզնոյում 1890-ին Խարբերդից գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։ Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այդ ժամանակ նա յուրաքանչյուր թռիչքի համար վաստակել է 1000 դոլար: Պատերազմի ժամանակ վաստակած գումարը նա հետագայում օգտագործել է օդանավերի բաժնետոմսերի բիզնեսով զբաղվելու համար: 1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որը հետագայում վաճառել է և սկսել ներդրումներ անել կինեմատոգրաֆիայի ասպարեզում: Այնուհետև Քըրքորյանը սկսել է ակտիվ ներդրումներ անել հյուրանոցային բիզնեսում: Հենց նրան են համարում Լաս Վեգասի ներկայիս տեսքը ստեղծողը՝ անվանելով Լաս Վեգասի արքա:
Գործարարն ամուսնացած է եղել չորս անգամ: 1943 թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանն ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին, և որդեգրել է ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։ 1999 թվականին նա ամուսնացել է երրորդ անգամ, իրենից 48 տարի փոքր թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ, ումից մեկ ամիս անց ամուսնալուծվել է: 2014 թվականին Las Vegas Sun կայքը հայտնեց, որ Քըրքորյանն ամուսնացել է չորրորդ անգամ, Ունե Դևիսի հետ: Քըրքորյանն աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն է եղել՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ՝ զիջելով աշխարհի ամենատարեց միլիարդատեր 100 տարեկան Դևիդ Ռոքֆելլերին:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Քըրքորյանի կարողությունը կազմում է 3,6 մլրդ դոլար:
Հայ ժողովուրդը հպարտանում է Քըրքորյանով ոչ թե նրա հաջողակ գործարար լինելու համար, այլ արժանի հայորդի լինելու: Քըրքորյանի ստեղծած Լինսի հիմնադրամը հսկայական օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին հայկական երրորդ հանրապետության և Արցախի կայացման դժվար ճանապարհին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Քըրքորյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Քըրքորյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա, և հայ ժողովուրդը միշտ կհիշի նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով: