Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Համաժողովը կայացել է հունիսի 5-ին Օդեսայում՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։
Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործողությունները, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին և կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։
Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երևանում զբոսայգու կառուցումը, Կիև-Երևան-Կիև ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաների, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցություններ են իրականացվում: