Սինգապուրը և Չինաստանը մասամբ վերսկսել են պարզեցված ռեժիմով փոխադարձ ուղևորությունները, որոնք կասեցվել էին փետրվարի 1-ին՝ նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Սինգապուրի քաղաքացիական ավիացիոն վարչությունը:
««Արագ թրեքերի» ստեղծումը երկու երկրների միջև թույլ կտա սահմանափակ թվով գործարարների և ճանապարհորդների փոխադարձ ուղևորություններ իրականացնել: Սա Սինգապուրի սահմանների աստիճանական բացման ծրագրի մի մասն է: Միաժամանակ, առավել խիստ միջոցներ կձեռնարկվեն ուղևորությունների անվտանգության ապահովման համար»,- նշել են գերատեսչությունում:
Իր հերթին, Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ ճանապարհորդել կկարողանան ոչ միայն երկու պետությունների քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները, որոնք մշտական ռեզիդենտներ են: Սակայն Սինգապուրի իշխանությունները երկրից դուրս գալու համար պահանջում են նախապես թույլտվություն ստանալ տեղական արտգործնախարարությունից կամ առևտրի և արդյունաբերության նախարարությունից: Բացի այդ, անհրաժեշտ է հրավեր ստանալ ընդունող կողմից և նախքան թռիչքը 48 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել: Երկրորդ թեստն անհրաժեշտ է հանձնել Չինաստան կամ Սինգապուր ժամանելուն պես:
Հանվում է նաև պարտադիր երկշաբաթյա կարանտինը արտասահմանից ժամանողների համար:
Չինաստանն առաջին երկիրն էր, որի հետ Սինգապուրը մարտի 23-ին վերականգնել էր միջազգային հաղրոդակցությունը: Ավելի վաղ Սինգապուրի իշխանությունները հայտարարել էին, որ նման խորհրդակցություններ են տարվում Ավստրալիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և մի շարք այլ պետությունների հետ: