Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման թեման հանրային լայն հնչեղություն ստացածներից է:
Հարցի շուրջ քննարկումներ եղան հունիսի 8-ին Աժ-ում տեղի ունեցած Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստին:
Անդրադառնանք թեմային մի քանի հարցերով:
Ինստիուտը լա՞վն է: Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիուտն ունի միջազգային դրական փորձ: Այն ի նպաստ է աշխատում երկրների՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում, բյուջեում հարկային եկամուտների ավելացման պրոցեսում իր ածանցյալ բոլոր ազդեցություններով:
Հայաստանին դա պե՞տք է: Որպես զարգացման ուղի բռնած պետություն, Հայաստանը պիտի՛ անցում կատարի համընդհանուր հայտարարագրման ինստիուտի ներդրմանը, պիտի՛ հասնի կառավարման զարգացման այդ մակարդակին:
Ուշացա՞ծ է համակարգի ներդրումը: Իշխանությունը երբեմն պնդում է՝ համակարգի ներդրումն ուշացած է: Խնդիրը երևի թե պետության թե՛ արտաքին, թե՛ ներքն կառավարման ձևի ու պատկերացումների տարբերության մեջ է: Եթե մենք մեզ հռչակել ենք մի պետություն, որի գոյության, զարգացման, բնակչության բարորության հիմքում բացառապես ներքին ռեսուրսն է, գուցե և ուշացել ենք: Այս դեպքում Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից գուցե համընդհանուր հայտարարագրումը պիտի կիրառվեր: Բայց եթե մենք պետություն ենք, որն իր կառավարման գործիքակազմում ներառում է նաև միջազգային հարաբերությունները, դրանց զարգացման արդյունքում կապիտալի ու ռեսուրսի շրջանառությունն ու այդպիսով պետական միջոցների հարստացումն ու սեփական ժողովրդի շահի սպասարկմանը դրանց բաշխումը, եթե մենք ի վերջո այլ երկրներում եղած փորձի տեղայնացման ժամանակ հաշվի ենք առնում նաև այդ տեղերում ի հայտ եկած բոլոր գործոնները, այդ թվում՝ ինչ ժամկետով ու ինչպիսի էվոլյուցիայով են երկրները հասել եկամուտների համընդհանուր հայտարարագրմանն, ապա մենք շտապելու տեղ չունենք:
Արժե՞ հարցնել, թե վերոնշյալ տարբերակներից պետությունների դասակարգման որ խմբի մեջ ենք մենք:
Հարակից ինստիտուտներ: Շատ տրամաբանական են հանրային անհանգստությունները՝ կապված եկամուտների հարկման խնդրի հետ: Պետք է նշել, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տաբեր առիթներով նշվել է, որ օրինակ, բոլոր եկամուտները չեն հարկվելու, չեն հարկվելու արտերկրում արդեն իսկ հարկվածները և այլն: Բայց մասնավոր հարցերին խոստումների տեսքով պատասխանները մի կողմից լիարժեք վստահություն չեն կարող առաջացնել, մյուս կողմից չեն կարող ամբողջությամբ պատասխանել առկա բոլոր մտահոգություններին:
Օրինակ, եկամուտների ինստիտուտը Հայաստանում զարգացած ու կայո՞ւն է այնքան, որ հստակ սահմանազատում լինի գոյություն ապահովելուն բավարարող եկամուտը, միջին բարեկեցության կամ ճոխության եկամտից և ըստ այդմ որոշվի՝ սույն եկամուտը հարկվո՞ւմ է, թե՝ ոչ: Մեկ այլ օրինակ. ժառանգությունը: Մարդն, ով իր ծնողից ստացել է ինչ-որ եկամտային արժեք ունեցող գույք կամ գումար, դա հարկման ենթակա՞ է, թե ոչ: Կայացա՞ծ է այս ինստիտուտն այնքան, որ օրենքով սահմանված կարգով տարբերակում ունենանք խորհրդանշական ժառանգության ու օրինակ առևտրային նպատակներով օգտագործման պիտանի ժառանգությունը:
Եվ ի վերջո եկամտի միջին ցուցանիշն ու բարեկեցության մակարդակը Հայաստանում: Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումով կսկսեն հարկվել շատ շատերի եկամուտները, որոնք չեն հակվել մինչ այդ, այսինքն կնվազեն շատերի եկամուտները: Առաջանալու՞ է արդյոք անձի մոտ առնվազն նվազած գումարի չափով եկամտի ավելացման խնդիր: Իհարկե կառաջանա: Ստացվու՞մ է արդյոք, որ պետությունն այսպիսի համակարգի ներդրումով, սոցիալական պարտքից ելնելով պարտավոր է ստեղծել հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան մեծացնել իրենց վաստակածը:
Նշված բոլոր գործոններն առիթ են կարծելու, որ համընդհանուր հայտարարագրման ներդրման գործում իշխանությունները շտապում են: Իսկ թե որտե՞ղ պետք է փնտրել այդ շտապողականության պատճառը, երևի թե դժվար է ասել: Միայն թե ոչ սոցիալական ծրագրերի բաշխման հասցեականությունը տեղորոշելու իշխանության ունակություններում: