Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը:
Ամենաանվտանգ երկրների 100-յակում է նաև Հայաստանը՝ զբաղեցնելով 81–րդ հորիզոնականը: Ըստ վարկանիշային աղյուսակի, Հայաստանը «կորոնավիրուսային» անվտանգության Forbes-ի գնահատականով տարածաշրջանում վատագույն ցուցանիշն է գրանցել: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:
Ինչի՞ մասին է վկայում վարկանիշային աղյուսակը:
Զեկույցի ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է բարձր մակարդակի 6 կատեգորիա. կարանտինի արդյունավետություն, ռիսկերի կառավարման արդյունավետություն, մոնիտորինգ և հայտնաբերում, առողջապահական պատրաստվածություն, տարածաշրջանային կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն:
Յուրաքանչյուր կատեգորիա բաղկացած է ենթապարամետրերից (զեկույցում նշվում է որպես ցուցիչ), որոնք վերաբերում են ներկայիս տարածաշրջանային հանգամանքների կայունության վրա ազդող կարևորության հատուկ գործոններին, տարբեր տարածաշրջանների հրատապ արձագանքման ջանքերի արդյունավետությանը, և այդ փոփոխականները կօգտագործվեն նաև հետհամաճարակային միջոցառումների հետագա պլանավորման ուսումնասիրություններում:
Յուրաքանչյուր ցուցիչ ինքնին բաղկացած է 2-10 քանակական մատրիցաներից կամ որակական ենթապարամետրերից, որոնք վերաբերում են որոշակի թեմային, վերլուծական ուղղվածության և նրանց մայր ցուցիչի վերջնական կետին:
Քանակական պարամետրերը թվային են և ստացվում են բազմաթիվ հեղինակավոր, հրապարակայնորեն մատչելի տվյալների աղբյուրներից (Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ և այլ):
Ինչ է ստացվում. վերոնշյալ վեց խումբ հիմնական պարամետրերի ուսումնասիրության արդյունքում ևս Հայաստանը տարածաշրջանում վատագույն դիրքում է: Սա ըստ էության կառավարչական բնույթի աշխատանքների գնահատականն է: Հիշեցնենք՝ էլ ավելի վատ պատկեր ունենք զուտ առողջապահական ցուցիչով՝ 1 մլն բնակչությանը բաժին ընկած վարակվածների տվյալով:
Եվ սա այն դեպքում, երբ այս ամենի պատասխանատու օղակներից մեկի ղեկավարն օրեր առաջ պնդում էր, որ «մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան մեր հարևան Վրաստանինը»: