Չինաստանի կառավարությունը մտադիր չէ մասնակցել զինաթափման մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաու Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը: Չինաստանը մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին»,-ասել է նա:
«Վերջին տարիներին ԱՄՆ-ը դուրս է եկել մի շարք միջազգային համաձայնագրերին, այդ թվում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից, զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից, Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից, Բաց երկնքի մասին պայմանագրից, իսկ այժմ քննարկում են միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը: Երբ նման երկրի պաշտոնական դեմքը խոսում է բարի կամքի բանակցությունների մասին, դա անհեթեթություն է»,-հավելել է դիվանագետը:
Ավելի վաղ ԱՄՆ սպառազինությունների հսկողության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին հայտնել է, որ այս ամիս բանակցություններ սկսելու շուրջ համաձայության է հասել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկինի հետ, և Չինաստանը ևս հրավիրված է:
Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Ռյաբկովն ու Բիլինգսլին բանակցություններ կվարեն հունիսի 22-ին Վիեննայում: Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը չի բացառում, որ բանակցությունների ժամանակ կքննարկվի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ոչ պաշտոնական անվանումը՝ СНВ-3) երկարաձգման հնարավորությունը: