Իսրայելական հիմնականում արաբաբնակ քաղաքներում երեքշաբթի երեկոյան զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են անկարգություններով․ ցուցարարները մայիսի վերջին Երուսաղեմի Հին քաղաքում իսրայելցի ոստիկանների կողմից սխալմամբ սպանված աուտիզմ ունեցող Իյադ ալ-Հալաքի նկարով պաստառներ են պարզել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Երուսաղեմ, Հայֆա քաղաքներում։ Երուսաղեմում տրամվայի գծերն արգելափակելու փորձ կատարած վեց ցուցարար ձերբակալվել է։ Նշվում է, որ ոստիկանությունը ցույցի մասնակիցներին ցրելու համար հատուկ միջոցներ է ձեռնարկել։
Մայիսի վերջին Իսրայելի սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները սխալմամբ Արևելյան Երուսաղեմից փախուստի դիմած բնակչի վրա են կրակել՝ նրան զինված մարդու տեղ դնելով։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սպանվածը 32-ամյա Իյադ ալ-Հալաքն է, որն աուտիզմ է ունեցել, ինչպես նաև իր հետ զենք չի կրել։