Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան՝ կապված Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանության բացման հետ, հայ-իրանական երկխոսության որակի ցուցիչ է:
Թերևս գաղտնիք չէ, որ Իրանի և Իսրայելի հարաբերությունները թշնամական են, և վերջին մի քանի տարիներին դրանք զգալիորեն լարված են: Պարբերաբար երկուստեք հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ: Ինչպես Իսրայելում, այնպես էլ Իրանում բավականին ցավագին են ընդունում իրենց հարևանությամբ գլխավոր թշնամու ակտիվացումը: Իսկ դեսպանատան բացման փաստը վկայում է Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների որակական նոր մակարդակ բարձրանալու, երկկողմ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին:
Ուստի, Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանության բացման մասին լուրը՝ հատկապես այս շրջանում, երբ լուրջ, հաճախ շատ վտանգավոր սրացումներ կան մի կողմից Իրանի, մյուս կողմից Իսրայելի և վերջինսի դաշնակից ԱՄՆ հարաբերություններում, Թեհրանում չէր կարող անհանգստություն չառաջացել:
Սա բնականաբար չի ենթադրում, որ Հայաստանը պետք է հրաժարվեր Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարներից, և տարածաշրջանում իր շահերն արդյունավետորեն պաշտպանելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացներ: Ուղղակի անհրաժեշտ էր, որ ՀՀ ԱԳՆ-ն հետևողական աշխատանք տաներ իրանցի գործընկերների հետ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հետ կապված մտահոգությունները փարատելու համար: Բացի այդ, կարող էին այս թեմայի շրջանակներում հստակ պայմանավորվածություններ գործել նաև իրանական կողմի հետ:
Ընդ որում աշխատանք էր պետք իրականացնել ոչ միայն պետական, այլ նաև հանրային մակարդակում, քանի որ ակնհայտ էր, որ Իրանում բավականին ակտիվ և ազդեցիկ թյուրքական տարրը միանշանակ փորձելու էր ամեն կերպ շահարկել Հայաստանի կողմից այս քայլը հայ-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացնելու համար:
Սակայն, ինչպես հետևում է դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից, ինչպես նաև դրանից առաջ իրանական մամուլում դեսպանատան բացման հետ կապված հակահայկական հրապարակումներից, իրանցի խորհրդարանականների մակարդակով արտահայտված մտահոգություններից, այս ուղղությամբ ԱԳՆ-ն առնվազն պատշաճ աշխատանք չի իրականացրել: