Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:
Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ.
«Նախորդ տարի հայտարարված Հայաստանն ու ԼՂ-ն կապող երրորդ ճանապարհի շինարարությունը շուտով կմեկնարկի:
Նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ՝ ԼՂ-ում, անցնելով Ղուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:
Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք խթանում են տարածաշրջանային համագործակցությունը, փոխկապակցվածությունը և մարդկանց միջև շփումներն Արևելյան հարևանության տարածքում:
Սակայն հարկ է նշել, որ այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց հաշվի առնելու դրա համար կամպետենտ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ խախտելով միջազգային իրավունքը: Ի լրումն, դա կարող է ընկալվել որպես ԼՂ և հարակից շրջանների անօրինական օկուպացիայի ամրապնդման խորհրդանիշ:
Այդ պատճառով մենք ցավում ենք այս նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և համերաշխության համար կառուցողական պայմանների կառուցմանը:
Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: