Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի սպասարկման ուղղված ռուսական վարկից հրաժարվելու հարցը խնդրահարույց է և սխալ բացառապես պետության տնտեսական շահի տեսանկյունից քննելը: Պատճառը հասկանալու համար հարցը դիտարկեք երկու հարթություններում: Լոկալ՝ անմիջապես այս ծրագրով պայմանավորված Կառավարության որոշումը՝ մոդեռնիզացման աշխատանքները շարունակել պետական գանձապետական պարտատոմսերի թողարկմամբ, և գլոբալ, հարակից գործընթացների տրամաբանության մեջ:
Առաջին հայացքից բավական գայթակղիչ է թվում ներքին ռեսուրսներով արտաքին պարտքի փոխակերպման գաղափարը: Ամենատրամանաբական սպասելիքն այս դեպքում վստահությունն է, որ այդ ներքին ռեսուրսներից ձևավորված պարտավորությունը պետք է էժան լինի եղածից, կամ եթե դրա ներքո դիտարկվում են որևէ կերպ օգտակար այլ գործոններ, ապա առնվազն պիտի լինի նույն գնով: Հիշեցնենք, որ ռուսական վարկը Հայաստանին տրամադրվել է տարեկան 3 %-ով: Պետական պարտատոմսերի արժեքի մասին այս պահին առավելագույնը կարող ենք հիմնվել պարտատոմսերի հայկական շուկայի ամենաթարմ զարգացումների վրա: Մասնավորապես, Հայաստանում պետական պարտատոմսերի վերջին ամենաթարմ նախադեպերը ցույց են տալիս, որ դրանք բավական բարձր են 3 %-ից: Ի դեպ, այդ մասին են վկայում նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի ներկայացրած տվյալները:
Եթե անգամ դիտարկենք այն հավանականությունը, որ միջոցների խնայողությունն այստեղ կարող է լինել այլ շուկաներից մրցակցային ապրանքների գնման արդյունքում, ինչպես նշեց վարչապետը Կառավարության նիստում, ապա առնվազն պետք է ներկայացվեն այդ շուկաները՝ հստակ երաշխիքով, որ նախ դրանք իսկապես կան, և երկրորդ դրանք որևէ կերպ էժան չեն ի հաշիվ որակի: Այս մտահոգությունը հիմնավորված է առնվազն այն իրողությամբ, որ ատոմակայանների սպասարկման ու դրանց գործարկման համար նախատեսված ապրանքների շուկաներում Ռուսաստանն առաջատարներից է և դա չափորոշիչ է, այդ թվում՝ որակի:
Մյուս կողմից, տրամաբանական չէ այլ շուկաների գնումների ծրագրեր կազմելն այն դեպքում, երբ հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը տեխնոլոգիապես հարմարեցված է հենց ռուսական արդյունաբերության հետ, ինչով պայմանավորված էլ սպասարկման բոլոր աշխատանքները իրականացրել է «Ռոսատոմ»-ը և ի դեպ շարունակելու է իրակացնել, ինչի մասին նշում են նաև իշխանությունները:
Այս ամենի ներքո առաջանում են հարցեր: Մասնավորապես, արդյո՞ք Կառավարությունն ունի վստահություն, կամ դրա համար նախապես իրականացվե՞լ են կոնսուլտացիաներ, որ այլ շուկաներից ձեռքբերված ավելի «մրցակցային ապրանքներով», ինչպես իրենք են ասում, նույն «Ռոսատոմ»-ի մասնագետները կարող են աշխատել:
Եվ առհասարակ, Հայաստանը փաստորեն կասեցնում է գործող պայմանագիրը մասամբ. հրաժարվում է ռուսական վարկի բաղադրիչից՝ պահպանելով տեխնիկական սպասարկման և այլ տարրեր: Ուստի հաշվարկվա՞ծ է արդյոք հավանականությունը, որ ռուսական կողմը կարող է ստանալ բարոյական իրավուք պայմանագրի այլ բաղադրիչների մասով պայմանավորվածություններ կասեցնել, օրինակ Ատոմակայանի գործարկմանն անհրաժեշտ վառելիքի՝ ուրանի ձեռբերման գնի հետ կապված, որի շուկայական արժեքն աճի միտում ունի:
Արդյո՞ք այս ամենի համատեքստում մենք ուղղակի ռիսկեր չենք ստեղծում Ատոմակայանի գոյության համար: Արդյո՞ք այս դեպքում մեր պետությունը չի կանգնի այլընտրանքային լուծման առջև՝ համաձայնելով տարիներ ի վեր Եվրամիության կողմից առաջակվող «օգնությանը» ԱԷԿ-ը փակելու դիմաց:
Պետք չէ մոռանալ, որ հարևան Թուրքիան հստակ պարբերականությամբ Ատոմակայանը փակելու աղմուկ է առաջացնում:
Այլ գործոն է տարածաշրջանում էներգետիկ շուկայի վերջին տարիների փոփոխությունը, որն այս ամենի ֆոնին մտածելու տեղիք է տալիս: Բավական է հիշել, որ օրինակ Թուրքիան վերջին տարիներին մեծացրել է արևմտյան էներգակիրների ձեռքբերումը՝ նվազեցնելով ռուսական շուկայից սպառումը մոտ 35 տոկոսով:
Արդյունքում, իրականում անհասկանալիորեն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի մոդեռնիզացիայի համար ռուսական վարկից հրաժարումը, որն ի դեպ նաև երկրի ներդրումային գրավչությանը հարվածի ռիսկ է պարունակում, ի՞նչ նպատակ է հետապնդում:
Արդյո՞ք երաշխավորված ենք, որ խնդիրն «Ատոմակայանի փակման օպերացիայի» մեկնարկը չէ և տարածաշրջանում էներգետիկ շուկայում արևմտյան բաղադրիչի ավելացման միտումը: