Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի խնդրին:
Խորհրդակցությանը մասնակցում էին տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և շրջանային վարչակազմերի ղեկավարները:
Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել մասնագետների այն մտահոգությունների վրա, որ հանրապետությունում այս տարի արձանագրվել են նորմայից շատ ցածր տեղումներ, ինչի հետևանքով մեծ է ռիսկը, որ բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին խմելու ջրի խնդիր է առաջանալու: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այլընտրանքային տարբեր միջոցներ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:
Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ ներկայացնել այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների բոլոր ծախսային միջոցները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքների ակտիվացման, սոցիալական տարբեր խմբերի համար բնակարանաշինության, կապիտալ շինարարության և այլ ծրագրերի: