Անցնող շաբաթվա ընթացքում ունեցանք մի շարք արտաքին քաղաքական զարգացումներ, որոնց պատասխանատու պաշտոնյաները կա՛մ ընդհանրապես չարձագանքեցին, կա՛մ փորձեցին դրանք ներկայացնել որպես գործընկերների հետ մեր հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չթողնող:
Խոսքը, մասնավորապես, եվրոպական, իրանական և ռուսական ուղղությամբ զարգացումների մասին է:
Հունիսի 10-ին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավարը, Հայաստանի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը խիստ հակահայկական ձևակերպումներ է պարունակում:
Ու թեև հարցը վերաբերում է մեր արտաքին քաղաքական առաջնային գերակայությանը՝ Ղարաբաղյան կարգավորմանը, մենք մինչ այժմ չունենք այս կապակցությամբ ո՛չ ԱԳ նախարարի, ո՛չ նախարարության, և ո՛չ էլ խորհրդարանական արձագանքը: Անդրադարձ թեմային չեղավ անգամ հունիսի 11-ին Ազգային ժողովում Հայաստան-Եվրոպա հարաբերությունների թեմայով ԱԳ նախարարի և խորհրդարանականների քննարկման ժամանակ, ԱլԳ նախարարական տեսակոնֆերանսի տեսքով տեղի ունեցած համաժողովին Զոհրաբ Մնացականյանի ելույթում: Պատասխանատու պաշտոնյաներն ուղղակիորեն որոշեցին այս խնդիրը չտեսնել, չլսել և դրա մասին չխոսել:
Սակայն նման գործելաոճի արդյունքում խնդիրը ոչ միայն չի դադարում գոյություն ունենալ, այլև ավելի խորանալու միտում է ձեռք բերում:
Այս շաբաթ Եվրախորհրդարանի կայքում հրապարակվեց բանաձևի նախագիծ, որը արդեն իսկ հավանության է արժանացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Նախագիծն ունի անդրադարձ նաև Ղարաբաղյան հակամարտությանը և կրկին մեզ համար ոչ նպաստավոր ձևակերպումներով: Վերջնական փաստաթղթում այդ ձևակերպումները կվերանայվե՞ն ի օգուտ մեզ, թե՞ կպահանվեն, մեծապես կախված է հայկական դիվանագիտության աշխատանքից: Սակայն դրա համար պատասխանատուները պետք է առնվազն խնդիրը տեսնեն, լսեն և խոսեն դրա մասին, ինչը սակայն ԱԳՆ-ում հետևողականորեն չեն ուզում անել՝ խոսելով բացառապես երկկողմ հարաբերություններում առկա որոշակի դրական երևույթների մասին, ինչն այդ թվում նաև մինչհեղափոխական արտաքին քաղաքական իներցիայի արդյունք է:
Բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում նաև Իրանի հետ հարաբերություններում: Այս շաբաթ Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայաստանի կողմից Թել-Ավիվում դեսպանատուն բացելու կապակցությամբ: Իշխանամերձ շրջանակները և ԱԳ նախարարն անձամբ հարցը փորձեցին տեղափոխել ինքնիշխանության դաշտ: «Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի», - այս կապակցությամբ նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ»:
Սակայն այստեղ խնդիրը բնավ ինքնիշխանության հարցը չէ: Նշենք, որ Իսրայելում դեսպանություն բացելու կպակցությամբ Իրանում առաջին անգամ չէ, որ մտահոգություն են հայտնում: Նման մտահոգություններ հնչում են պարբերաբար, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ԱԳՆ-ին չի հաջողվում փարատել իրանցի գործընկերների մտահոգությունները, ինչը խոսում է, ինչպես նախարարն է ասում, ակտիվ երկխոսության որակի մասին:
Դեսպանատան մոտ ակցիայից ընդամները մեկ օր անց տեղի ունեցավ Ադրբեջանում Իրանի դեսպանի հանդիպումն, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» հետ՝ կառույց, որն Ադրբեջանը փորձում է հավասարեցնել Արցախի իշխանության հետ: Սա նույնպես հայ-իրանական հարաբերությունների որակի հստակ ցուցիչ է: ԱԳՆ-ն, ինչպես կարելի է եզրակացնել արձագանքից, կամ ավելի շուտ դրա բացակայությունից, այստեղ խնդիր չի տեսնում, ընդ որում ինչպես հայ-իրանական հարաբերությունների մասով, այնպես էլ այդ արհեստածին միավորի միջազգային ընկալման մեծացման:
Այս շաբաթ զարգացումներ ունեցանք նաև հայ-ռուսական հարաբերությունների մասով: Կառավարությունը հրաժարվեց Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի սպասարկմանն ուղղված ռուսական վարկի մնացած մասից: Սա զգայուն հարց է, որը չի կարող ազդեցություն չունենալ երկկողմ օրակարգի վրա, որտեղ վերջին շրջանում խնդրահարույց հարցերն ավելանում են:
Ազգային ժողովում ճեպարզույցի ժամանակ ԱԳ նախարարն, ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործերի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը բացատրեց խնդրի նկատմամբ ընկալումների տարբերությամբ: Տարբերությունը վերացնելու համար ԱԳՆ երկու տարի ժամանակ ուներ, սակայն ինչպես տեսնում ենք, կա՛մ չի արել, կա՛մ չի կարողացել անել:
Վերջին օրերի արտաքին քաղաքական այս զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն չունենք աննախադեպ ձեռքբերումներ, այլև այսօր հետևողականորեն ոչնչացվում է նախկինում գրանցած հաջողությունները, և արտաքին քաղաքականությունում ստեղծում ենք մի իրավիճակ, որի արդյունքում իսկապես ստիպված ենք լինելու ամեն ինչ սկսել զրոյից: