Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Սիրիայի հարցով «Աստանայի եռյակի» առցանց գագաթնաժողով անցկացնելու մասին, իսկ հենց պայմանները թույլ տան, տեղի կունենա երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք սկզբում «Աստանայի գագաթնաժողովը» կանցկացնենք վիրտուալ տարածքում, իսկ հետո առերես ձևաչափով: Ես այսօր ստացա պարոն Լավրովի համաձայնությունը «Աստանայի ձևաչափով» վիրտուալ հանդիպման անցկացման վերաբերյալ, երեկ ստացել էի նաև Թուրքիայի ԱԳ նախարարի համաձայնությունը, հետևաբար՝ երեք երկրների ղեկավարները գագաթնաժողովը կանցկացնեն վիրտուալ ձևաչափով»,- ասել է Զարիֆը Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով: