ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի մոտ 1 տրլն դոլար հատկացնել երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ օգնության փաթեթի մշակմամբ զբաղվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը: Ակնկալվում է, որ միջոցներն առաջին հերթին ուղղվելու են հաղորդակցության ուղիների և կամուրջների գործունեության ապահովմանը, ինչպես նաև 5-րդ սերնդի 5G շարժական կապի ցանցի և երկրի գյուղական շրջաններում լայնագիծ համացանցի ստեղծմանն ու աջակցմանը: Թրամփն ավելի վաղ արտահայտվել էր այդ նպատակով 2 տրլն դոլար հատկացնելու օգտին:
Bloomberg-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները քննարկում էին տարբերակը, որի դեպքում ենթակառուցվածների վերականգնման համար միջոցները ներառվելու էին համավարակի պայմաններում ամերիկյան տնտեսության օգնության հերթական փաթեթի մեջ: Բացառված չէ նաև, որ դրանց տրամադրումը նախատեսվելու է առանձին օրինագծով: 2015 թվականին Բարաք Օբամայի նախագահության (2009-2017) ժամանակ ընդունված և 5 տարվա ընթացքում ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման նպատակով 305 մլրդ դոլարի հատկացում նախատեսող օրենքի գործողության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին: