Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների, խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի և ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ, փոխանցում է News.am-ը:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաև ներկայացրեցին հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»,- նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։