Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի անդամ, ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Հավայան կղզիներում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած միջամտություն Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի գործերին: Այս մասին նշվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ուղերձում:
«Ինչ վերաբերում է Թայվանի խնդրին, ապա հանդիպմանը Յան Ցզեչին ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա բաղկացուցիչ մասն է»,- նշել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն իսկապես հարգեն մեկ Չինաստանի սկզբունքը և պահպանեն չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունների դրույթները, ինչպես նաև զգույշ և պատշաճ կերպով կարգավորեն Թայվանի գործերին միջամտության հարցը»,- նշել է դիվանագետը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Յան Ցզեչին իր ամերիկացի գործընկերոջը նաև հայտարարել է, որ Հոնկոնգում ՉԺՀ-ի խորհրդարանի կողմից ազգային անվտանգության օրենսդրության մշակումը Չինաստանի ներքին գործն է, և երկրի իշխանությունները վճռական են համապատասխան օրինագիծ նախապատրաստել:
Ըստ Չժաո Լիցզյանի՝ կողմերը քննարկել են նաև Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի հարցը: Յան Ցզեչին Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել ապաարմատականացման ուղղությամբ Չինաստանի ջանքերը, ինչպես նաև դադարել երկակի ստանդարտներն ահաբեկչության դեմ պայքարում»: