Հունիսի 18-ին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ կայացել է բարձր մակարդակի տեսակոնֆերանս, որին մասնակցել է Չինաստանի հետ այս նախաձեռնության շրջանում համագործակցող 25 պետություն: Քննարկվել են տնտեսական ակտիվության վերականգնման և համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կոչված է կատարելագործելու Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երկրներն իրար կապող առկա առևտրատրանսպորտային ճանապարհները, ինչպես նաև ստեղծել նորերը: Այս նախաձեռնության մեջ Հայաստանի ակտիվ ներգրավումը կարող է բավականին ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ցուցաբերի նախաձեռնողականություն, ինչը վերջին երկու տարիներին բացակայում է:
Հայաստանը ոչ միայն չէր մասնակցում հունիսի 18-ին կայացած տեսակոնֆերանսին, այլև նախարարի մակարդակով էր ներկայացել 2019 թվականին Չինաստանում պետությունների ղեկավարների մակարդակով գումարված համաժողովին: Ինչո՞վ է պայմանավորված այս նախաձեռնության շրջանակներում մեր կողմից նման պասիվությունը, դժվար է ասել, սակայն մի բան հստակ է՝ այսօր մենք Չինաստանի հետ արդյունավետ երկխոսության խնդիրներ ունենք:
Այդ խնդիրները կարող են ավելի խորանալ Հայաստանի կողմից Կրոնական ազատության Ալյանսին միանալուց հետո: Ամերիկյան այս նախաձեռնությունը, որում ընդգրկված է 29 երկիր, Պեկինում ընկալում են որպես գործիք Չինաստանի դեմ: Պատճառն ամերիկյան կողմից հնչող հայտարարություններ են, որոնք գլխավորապես թիրախավորում են Չինաստանին ույղուրների խնդրի պատճառով:
Հայաստանի գտնվելն այդ Ալյանսում, բնականաբար, չի կարող Չինաստանի կողմից դրական ընկալվել և բացասական հետք չթողնել երկկողմ հարաբերությունների վրա, եթե պաշտոնական Երևանն այս ուղղությամբ հետևողական աշխատանք չիրականացնի չինական կողմի հետ և չհիմնավորի այդտեղ իր ներկայության հակաչինական բնույթ չկրելը: Սակայն հաշվի առնելով Իրանի փորձը՝ չենք կարող վստահ լինել, որ մեր կողմից նման աշխատանքն արդյունավետորեն իրականացվում է:
Հիշեցնենք, Իրանում չեն դադարում հնչել մտահոգություններ կապված Թել-Ավիվում Հայաստանի դեսպանություն բացելու հետ, վերջերս Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց այս կապակցությամբ տեղի ունեցավ նաև բողոքի ակցիա: Սա հստակ ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի կարողացել իրանցի գործընկերների մոտ առաջացած հարցերին տալ հստակ և համոզիչ պատասխաններ, և դա այն դեպքում, որ Թել-Ավիվում դեսպանություն բացելը մեր ազգային, պետական շահերի տեսանկյունից հիմնավորելը շատ ավելի հեշտ է, քան, օրինակ, այդ Ալյանսին միանալը:
Ալյանսը, որը տարբեր երկրների՝ այդ թվում նաև Իրանի, Ռուսաստանի կողմից ընկալվում է ոչ թե որպես կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, այլ որպես ԱՄՆ ձեռքում աշխարհաքաղաքական գործիք, ձևավորվել է 2020 թվականի փետրվարին: Այս ընթացքում այն աչքի է ընկել իր հակաչինական հայտարարություններով, և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում վերջինիս արդյունավետությունը պարզ չէ: Ուստի, Հայաստանի կողմից ներկայացվող հիմնավորումները, այս, այսպես ասենք, «կասկածելի» նախաձեռնությանը միանալու հարցում համոզիչ չեն հնչում: