Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է վերջին շրջանի մի շարք բացթողումներ լրացնելու փորձ համարել: Դրանց թվում և՛ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ոչ ժամանակին արձագանքելն է, և՛ Արցախի սուբյեկտայնությանը հասցված վնասները, և՛ Ադրբեջանի ղեկավարին հասցեին շռայլած դրական խոսքերը: Սակայն, նման բացթողումներն ու դրանք ուշ շտկելու փորձերը հաճախ ոչ միայն բավարար արդյունավետ չեն, այլև նոր ռիսկեր ստեղծող:
Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետի ելույթում կային որոշակի խնդրահարույց թեզեր:
Առաջինը, Փաշինյանի ելույթից կարելի է տպավորություն ստանալ, թե Արցախի նախորդ իշխանությունները չեն կազմակերպել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքը, չեն ապահովել անվտանգությունը, կամ մանդատ չեն ունեցել ներկայացնելու Արցախի ժողովրդին բանակցային գործընթացում: Իհարկե, դա այդպես չէ, և, բնականաբար, այս երեք հարցերում այս նոր իշխանություններն ունեն նույն լիազորությունները, ինչ նախորդները:
Երկրորդ, Նիկոլ Փաշնյանն այդպես էլ չի հրաժարվում իր այն թեզից, որ անհրաժեշտ է այնպիսի կարգավորում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ալիևի թեկուզ միայն երեկվա ելույթն ԱլԳ գագաթաժողովին պետք է բավարար լիներ հասկանալու, որ այս թեզը չի գործում և ժամանակն է հրաժարվել դրանից:
Եվ երրորդ, Հայաստանի ղեկավարը, որը հաճախ չի արձագանքում Ադրբեջանի նույնիսկ այն հայտարարություններին, որոնք իսկապես արձագանքի կարիք ունեն և որոնց ի պատասխան Հայաստանից հնչող լռությունը մեծացնում է Բաքվի ախորժակը, որոշել էր խոսել ադրբեջանական մի կեղծ նախաձեռնության մասին, որի հանրայնացումը մեր շահերից չէ: