Այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը: Օրինագիծը այլընտրանքն է ավելի վաղ հայտարարված հանրաքվեին, որը, երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում անհնար էր անցկացնել: Բայց իշխանությունները չեն պատրաստվում սպասել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռ մեկ տարի էլ գուցե շարունակենք ապրել համավարակի պայմաններում, իսկ ՍԴ-ի հարցում «չենք կարող երկար սպասել»:
Հատկանշական է, որ ՍԴ-ից ազատվելու հարցում իշխանությունների ձեռնարկած բոլոր քայլերը հապճեպ ու իրավաբանական առումով խնդրահարույց են եղել: Արդեն ներկայացրել ենք հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշման ընթացակարգային ու բովանդակային խախտումները, խոսել ենք նաև հանրաքվեն չեղարկելու գործընթացի բացթողումների, և, ըստ էության, հակասահմանադրական բնույթի մասին:
Այս վերջին՝ ԱԺ-ում ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու իշխանությունների նախագիծը ևս զերծ չէ խնդրահարույց դրվագներից: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ այս հարցով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, սակայն, ինչպես տեսանք, իշխանությունները չսպասեցին անգամ այս կարծիքի հրապարակմանը: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն այսօր արդեն ափսոսանք է հայտնել առ այն, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը։ «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»,– ասված է Վենետիկի հանձնաժողովի հրապարակած տեքստում:
Ի դեպ, ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություններ է հայտնել նաև խորհրդարանի ընդդիմադիր “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը: «Առավոտ 9:30 իմանում ես, որ սահմանադրություն պետք է փոխվի, և այն փոխվում է: Սա լուրջ խնդիր է մեր միջազգային պարտավորությունների առնչությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշել էր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Հատկանշական է, որ չի նախատեսվում նաև ՍԴ դիմելու ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ երեք ժամյա ռեժիմ է հայտարարված երկրորդ ընթերցման համար:
Այսպիսով՝ իշխանությունները շարունակում են հնարավորինս արագ և ցանկացած գնով ՍԴ-ից ազատվելու իրենց քաղաքականությունը՝ խորացնելով արդեն իսկ առկա խնդիրները: