Իշխանության ներկայացուցիչները ԵՄ պաշտոնյաների նամակը փորձեցին ներկայացնել որպես Եվրամիության գնահատականն այն գործընթացներին, որոնք այսօր ծավալվում են Սահմանադրական դատարանի դեմ: Սակայն նամակի բովանդակությունը որևէ առնչություն չունի ՍԴ շուրջ ծավալվող գործընթացներին և ընդհանրապես չի կարող համարվել գնահատական տեղի ունեցողին:
Հունիսի 24-ին հայկական մամուլում հրապարակված ՀՀ վարչապետին ուղղված Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակի բնօրինակից պարզ դարձավ, որ այն գրվել է հունիսի 18-ից առաջ և չէր կարող վերաբերել հունիսի 22-ին ԱԺ-ում ընդունված ՍԴ մասին սահմանադրական փոփոխություններին:
Քանի որ նախորդ շրջանում մենք ականատես էինք եղել, որ եվրոպական տարբեր հարթակներում ձևակերպումներն ի օգուտ Հայաստանի չեն, և փորձագիտական հանրույթի ու քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվում էր, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ունենք լուրջ խնդիրներ, այս նամակով իշխանության ներկայացուցիչները փորձում էին ցույց տալ, որ վայելում են Եվրամիության աջակցությունն ու իրենց գործողություններին բարձր գնահատական է տրվում:
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանն այսօր ունի խնդիրներ, լուրջ խնդիրներ, և իշխանությունները փորձում են նամակն ուշ հրապարակելով, կիսատ հրապարակելով ժողովրդի մոտ ստեղծել տպավորություն, թե ամեն ինչ լավ է:
Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այսօր արժեքային դաշտից տեղափոխվել են շահերի դաշտ: Եվրամիությունը հաճախ Հայաստանում կատարվող գործընթացները գնահատելիս առաջնորդվում է ոչ թե նրանով, թե որքանով են դրանք համապատասխանում մեր հռչակած արժեքներին, այլ ելնելով նրանից, թե ինչ պայմանավորվածություններ ունի իշխանությունների հետ:
Ընդամենը մարտին Փաշինյանը մեկօրյա այց կատարեց Բրյուսել, հանդիպես բարձրաստիճան պաշտոնյաներին և խնդրեց, որ ՍԴ շուրջ գործընթացներին չլինի կոշտ արձագանք:
Այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված գործընթացներին Եվրամիությունից արձագանք չկա, դա հուշում է, որ մեր հարաբերություններն այսօր շահերի, պայմանավորվածությունների դաշտում են, և Հայաստանի իշխանությունն արդեն վճարում է, կամ վճարելու է որոշակի գին այսօր Եվրամիության լռության համար: