ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեփան Վիսկոնտին Ֆրանսիայից և էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) առանձին-առանձին և համատեղ տեսակոնֆերանսներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ հունիսի 29-30-ին՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջության իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է այս քննարկումներին:
Համանախագահները շեշտել են խաղաղության տանող և սուբստանտիվ բանակցությունների համար նպաստավոր միջավայրի խթանման և պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել տեղում առկա հարաբերական կայունությունը և բավարարվածություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել առկա ուղիղ հաղորդակցության ուղիները՝ էսկալացիայից խուսափելու համար: Հղվելով 2019թ. մարտի 9-ի իրենց հայտարարությանը, այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին պռովոկատիվ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, միտված շոշափելիորեն փոխելու իրավիճակը տեղում, կարող էին վնաս հասցնել կարգավորման գործընթացին:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը և պատրաստելու հանրություններին խաղաղության: Համանախագահները նաև շեշտել են Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ մշտադիտարկման առաքելության վերականգնման հրատապությունը՝ պայմանների թույլ տալուն պես:
Համանախագահները և ԱԳ նախարարները պայմանավորվել են մեկ այլ համատեղ տեսակոնֆերանս անկացնել հուլիսին և հնարավորինս շուտ անձամբ հանդիպել: