Ադրբեջանը հերթական դեմարշն է արել ԵԱՀԿ-ում՝ արգելափակելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշման նախնական փաթեթը, որով նախատեսվում էր այդ թվում նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնում ֆրանսիացի դիվանագետ Առլեմ Դեզիրի վերանշանակումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իր առաջին եռամյա մանդատի ընթացքում, որը սկսվել է 2017-ի հուլիսին, Դեզիրը չափազանց շատ է քննադատել Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը:
Սա ցույց է տալիս, որ անպատժելիությունն էլ ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը: Հիշեցնենք, 2017 թվականին, օգտվելով նրանից, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, Ադրբեջանն արգելափակից Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսավորումը և այն փակվեց: Դա չարժանացավ ԵԱՀԿ-ի կողմից կոշտ գնահատականի, Բաքվի նկատմամբ որևէ գործողության: Ավելին, չստեղծվեց որևէ գործիքակազմ, որը ԵԱՀԿ որոշումները հետագայում կպաշտպաներ պետությունների քմահաճույքներից, իսկ Ադրբեջանի կողմից վերոնշյալ որոշումներն արգելափակելը պետք է դիտել հենց այդ համատեքստում, քանի որ դրանք որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել կառույցի կողմից որդեգրված սկզբունքներով:
Այսօր էլ Ադրբեջանի այս գործելաոճը չի արժանանում ԵԱՀԿ կողմից սուր քնադատության, ինչն Ադրբեջանի մոտ ստեղծում է տպավորություն, որ ինքը կանի այն ամենը, ինչ ցանկանա, և միևնույն է, Արևմուտքը չի արձագանքի, կամ Արևմուտքում իրեն կհասկանան:
Ադրբեջանի մոտ այս ընկալման արմատավորումը բավականին մտահոգիչ է մեզ համար ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները, օրեցօր աճող ագրեսիվ հռետորաբանությունը:
Ուստի, մենք պետք է կարողանանք մեր արևմտյան գործընկերներին հասցնել այդ ուղերձը, որ եթե Ադրբեջանի քայլերը չեն հանդիպում հակազդեցության, դա նրա կողմից որպես աջակցություն է ընկալվում՝ ազատություն տալով հետագա գործողություններում: