«Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե կան 1-2 ազատ տեղեր հիվանդանոցներում և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է 650 հոգի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին, հայտնում է Panorama.am-ը:
Նախարարը հայտնեց, որ նախորդ օրը 593 նոր դեք է արձանագրվել 2100 տեստավորման արդյունքում և նկատեց, որ արձանագրման տոկոսի առումով էական փոփոխություն չկա:
«Դժբախտաբար ունեցել ենք 6 մահ կորոնավիրուսից և 4 մահ ունեցել ենք նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից» ,- հայտնեց առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ հաստատվել է 26658 վարակի դեպք, 459 մահ է եղել և ապաքինվել են 15036-ը:
Նախարարը հայտնեց, որ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցները ապահովվելու են անհրաժեշտ սարքավորումներով և թթվածնային հագեցվածությամբ:
«Առավոտյան 9:00 դրությամբ տանը հոսպիտալացման 11 սպասող ունենք, որից 4-ը միջին ծանրության և 7-ը թեթև: 80 հոգի սպասում են տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ»,- հայտնեց նախարարը և շեշտեց, որ այդ մասով վիճակը հարաբերականորեն կայուն է:
Նախարարը հայտնեց, որ այն երկրներում որտեղ պարտադրվում է դիմակներ կրելը և այդ կանոնը պահպանվում է նկատվում է իրավիճակի կայունացում և թվերի նվազում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր միջազգային մամուլին հետևելով իմացել է, որ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը, որը նախկինում դեմ էր եղել դիմակների կրելուն, այսօր փոխել է կարծիքը և հայտարարում է որ դիմակները պետք է կրեն: